«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը ՀՀ մշակույթի նախարարության և նրա գլխավոր գործընկեր՝ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ մամլո ասուլիսով 11-րդ անգամ ներկայացրեց փառատոնի մեկնարկը: Ասուլիսի բանախոսները` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ինչպես նաև փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը լրագրողներին ներկայացրին այս տարվա կարևորագույն խորագրերը և իրենց դիտարկումները` փառատոնի կարևորության և կայուն զարգացման վերաբերյալ:
Փառատոնն այս տարի կկայանա հուլիսի 13-20-ին` նախորդ տարիների պես Երևան հրավիրելով համաշխարհային կինոարվեստի, մասնավորապես` հեղինակային կինոյի անվանի ներկայացուցիչներին` իրենց լավագույն ֆիլմերով:
«Շատ սպասված, շատ սիրված, մշակութային ամենավառ իրադարձություններից մեկն է «Ոսկե ծիրանը»: Փառատոնը բազմաբովանդակ խնդիրներ է լուծում: Տարեցտարի ընդլայնվելով` փառատոնն իրենով փակեց մի հսկայական դաշտ, որն արդեն վաղուց կար մշակութային հարթակում»,- այսպես գնահատեց երևանյան կինոփառատոնը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կարևորելով այն հանգամանքը, որ կինոփառատոնին անդավաճան նվիրված են բոլոր այն մարդիկ, ովքեր հենց սկզբից ներգրավված են եղել փառատոնի կազմակերպման աշխատանքներում:
«Ոսկե ծիրանն» այս տարի նվիրված է Սերգեյ Փարաջանովի հիշատակին` ի նշանավորումն նրա 90-ամյա հոբելյանի: Փառատոնի ողջ ընթացքը, ինչպես և ցուցապաստառները, ազդագրերը ներշնչված են փարաջանովյան ոգով, փառատոնային ծրագրում ընդգրկված են Փարաջանովի արվեստը ներկայացնող մի քանի խորագրեր. մասնավորապես, տեղի կունենան ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիներին: Փառատոնի օրերին «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես:
«Ոսկե ծիրանի» ֆիլմերի ծրագիրը կպահպանի Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ավանդական դարձած չորս մրցույթները, որոնք կգնահատվեն հրավիրյալ ժյուրիների կողմից:
Այս տարի փառատոնին ներկայացվել է մասնակցության ավելի քան 1500 հայտ՝ շուրջ 95 երկրից, ինչը գերազանցում է նախորդ տարիների հայտերի քանակը: Սա վկայում է կինոփառատոնի հանդեպ միջազգային կինոհանրության տարեցտարի աճող հետաքրքրության մասին:
«Ես շնորհակալություն եմ հայտնում այն երկու սյուներին, որոնք սատարել են «Ոսկե ծիրանը» նախորդ տարիների ընթացքում: Դրանք են մշակույթի նախարարությունը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը` պարոն Յիրիկյանի գլխավորությամբ: Մենք անցյալ տարի նշեցինք մեր տասնամյակը: Դրանով ավարտվեց մի փուլ: Հիմա սկսվել է նոր փուլ: Հաջորդ տասը տարին ևս, կարծում եմ, միասին կշարունակենք աշխատանքը: Հույս ունեմ, որ այսուհետ ևս կշարունակի մեծանալ աշխարհի հետաքրքրությունը Հայաստանի, հայկական մշակույթի և «Ոսկե ծիրանի» հանդեպ: Յուրաքանչյուր տարի մեզ թվում է, թե հասել ենք վերջնական սահմանին, թե ավելի մեծ ընդգրկում չի կարող ունենալ փառատոնը, բայց տարեցտարի ավելանում են և՛ հայտերը, և՛ մասնակից երկրները, և՛ անգամ տուրիստները: Շատ սփյուռքահայեր Հայաստան են գալիս հենց այն օրերին, երբ ընթանում է «Ոսկե ծիրանը»: Որովհետև Ղարաբաղ արդեն գնացել են, Գառնին, Գեղարդը տեսել են, տեսնելու նոր բան չունեն այլևս: Ամենահետաքրքիրը դառնում է «Ոսկե ծիրանը»: Ամենաէկզոտիկ երկրներն են հետաքրքրվում մեր կինոփառատոնով: Իսկ մենք նպատակ ունենք հայկական կինոն դուրս բերել համաշխարհային ասպարեզ, որովհետև յուրաքանչյուր հայկական ֆիլմ, որ ցուցադրվում է աշխարհի որևէ անկյունում, մեծ, հզոր պրոպագանդա է իրականացնում»,- ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Հավելենք, որ համաշխարհային կինոյի հին և նոր շրջանների գլուխգործոցները երևանյան հանդիսատեսին կներկայացվեն «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» հատուկ արտամրցութային ծրագրերում: Կինոցուցադրությունները կուղեկցվեն ռեժիսորների հետ հանդիպումներով: Տեղի կունենան վարպետության բաց դասեր ուսանողների և կինոյի բոլոր սիրահարների համար: Փառատոնի օրերին ավանդաբար կկայանան «Ռեժիսորներ առանց սահմանների» և «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» համատեղ արտադրության ֆորում-դասընթացները:
Ռալֆ Յիրիկյանի խոսքում անթաքույց էր փառատոնի ապագայի հանդեպ լավատեսությունը. «Փառատոնի օրերին Երևանը դառնում է քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկ: Մենք տարեցտարի ավելի ենք հպարտանում, որ մեր փառատոնը կարողանում է մեր երկրի անունն ավելի ու ավելի բարձրացնել, ավելի ու ավելի ճանաչելի դարձնել աշխարհում: Դա կատարվում է համախմբված աշխատանքի շնորհիվ, որին մենք բերում ենք մեր փոքր լուման»:
Իր խոսքն ամփոփելով` «Ոսկե ծիրանի» գլխավոր գործընկերը դիմեց Հարություն Խաչատրյանին. «Շարունակեք մեզ թևեր տալ, պարոն Խաչատրյան, որ այս փառատոնն ավելի մեծ բարձունքների հասնի»:
Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանն իրենց համառոտ խոսքում հավաստիացրին, որ փառատոնին վերաբերող մանրամասները կհաղորդվեն առաջիկա մամլո ասուլիսներում:
Դե ինչ, մեզ` լրագրողներիս, ինչպես և փառատոնը սիրող ու դրան անհամբեր սպասող հանրությանն սպասում են կինոիրադարձություններով հագեցած, ոսկեծիրանավառ օրեր հուլիսյան յոթ օրերին, առանց որոնց անօրինակ հմայքի և բովանդակալից եռուզեռի գոնե ես անձամբ այլևս չեմ պատկերացնում իմ սիրելի քաղաքն ու համաքաղաքացիներին:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ